Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մեր ավատատիրական ժողովրդավարությունը

Մեր ավատատիրական ժողովրդավարությունը
19.05.2017 | 01:10

Մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովը հիմնով ու հիմնավոր սկսեց առաջին նստաշրջանը: Աշխարհիկ ու հոգևոր տերերի ուղերձները, ինչպես միշտ, ազգընտիրներին կոչ արեցին ծառայել ժողովրդին՝ Սահմանադրությամբ ու արդարությամբ: Վեհափառի պատվիրանն էր` «Գնալ ի ճանապարհն սիրո ու արդարության»: Նախագահի կոչն էր՝ արտաքին ու ներքին թշնամու դեմ պայքարել: Ներքին թշնամի որակվեց «անարդարությունը»: Իսկ հետո ազգընտիրներն սկսեցին արդարաբար իրար ընտրել: ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ՝ հինգ տարվա կտրվածքով: Բայց դա, մեղմ ասած, ձևական էր:

Պաշտոնաբաժանումը ոչ թե ընտրությամբ ու ոչ թե ԱԺ-ում էր ու մայիսի 18-ին, այլ՝ մայիսի 17-ին Մելիք-Ադամյանում ու Իսակով 1-ում: Հենց մայիսի 17-ին ՀՀԿ ԳՄ նիստից ու ԲՀԿ հանդիպումից հետո ընտրյալների ընտրյալները հայտնի դարձան: Առաջին հայացքից օրենսդրական է՝ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, հետևաբար՝ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները լինելու են ՀՀԿ-ից և որտե՞ղ, եթե ոչ ՀՀԿ ԳՄ նիստում պետք է նրանք որոշվեն: Խորհրդարանական երկրորդ ուժ ԲՀԿ-ն օրենքով ունի մեկ փոխնախագահ և երկու հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավունք և որտե՞ղ, եթե ոչ ԲՀԿ պատգամավորների ժողովում պիտի նրանք որոշվեն: Սակայն ամբողջ օրինականությունը ձևային է, որովհետև մինչև կուսակցության նախագահների խոսքը ոչ ոք ոչինչ չգիտի: Ոչ թե առաջադրումներ ու քննարկումներ են լինում, այլ կուսակցության նախագահն անվանում է իր թեկնածուներին, կուսակցականները հաստատում են: Միաձայն: Ոչ ոք չի առարկում, ոչ ոք սեփական տեսակետ ու թեկնածու չունի: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Բոլորն էլ գիտեն, որ այդ ավատատիրական ընթացակարգը ժողովրդավարության հետ առնչություն չունի, բայց երբեք չեն խոստովանի, որ իրենք անկարող են այդ ընթացքը փոխել: Ավելին՝ պարտավոր են երջանիկ ու համերաշխ հաստատել՝ իրենց երազանքն է կատարվում: Հենց այդպես ՀՀԿ-ից ԱԺ նախագահ ընտրվեց, որ նույնն է` նշանակվեց Արա Բաբլոյանը, փոխնախագահներ՝ Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ն կունենա 6 հանձնաժողովների նախագահներ՝ ֆինանսաբյուջետային՝ Գագիկ Մինասյան, արտաքին հարաբերությունների՝ Արմեն Աշոտյան, տնտեսական հարցերով՝ Խոսրով Հարությունյան, պետաիրավական՝ Հրայր Թովմասյան, ներքին գործերի և անվտանգության՝ Կորյուն Նահապետյան, առողջապահության և սոցիալական հարցերի` Հակոբ Հակոբյան: ԲՀԿ-ից ԱԺ փոխնախագահն է Միքայել Մելքումյանը: ԱԺ երեք հանձնաժողովներ կնախագահեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։ Արդյունավետ աշխատանք բոլորին:


Ինչպե՞ս են աշխատելու 5 տարի: 105 պատգամավորները՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, «Ելք»-ից ու ՀՅԴ-ից: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ստորագրեցին կոալիցիոն հուշագիր ու միասին ձևավորում են իշխանություն, ավելի ճիշտ՝ դեֆակտո ՀՀԿ-ն ձևավորում է, ՀՅԴ-ն դեյուրե համաձայնում: ՀՀԿ-ին բնավ պետք չէր ՀՅԴ-ի հետ կառավարությունում պատասխանատվություն ու պորտֆել կիսելը կամ նրանց հինգ ձայնը քվեարկությունների ժամանակ: Ձևական ժողովրդավարության ևս մեկ խորհրդանիշ: Լավագույնս գործում են այն կոալիցիաները, որտեղ քաղաքական ուժերը համաչափ համամասնություններ, հետևաբար՝ ձայնի իրավունքներ ու որոշումների ընդունման վրա ներգործելու հնարավորություններ ունեն, իսկ շատ մեծի ու շատ փոքրի «հավասարությունը», կոալիցիոն հուշագրում ինչ կետեր էլ լինեն, քաղաքական հեքիաթ է: Համենայն դեպս՝ այդպես անվտանգ է. ՀՅԴ-ն օգուտ չի տա, բայց և չի խանգարի կոալիցիայի անդամ լինելով: ՀՅԴ-ն փորձում է պահպանել հարաբերական ինքնուրույնությունը, օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տարիներ առաջ ՀՅԴ-ն դուրս եկավ հերթական կոալիցիայից, բայց դա չխոչընդոտեց նորից համագործակցելուն:

Այդպես էլ ոչ մի հուշագրում չի բացատրվել, թե սոցիալիստական ու ազգային-պահպանողական կուսակցություններն ի՞նչ ընդհանրություններ կարող են ունենալ իրենց ծրագրերում, եթե չեն հեռացել իրենց սոցիալիստականից ու իրենց ազգային-պահպանողականից: Նրանք համատեղ կաշխատեն փոխված սահմանադրությանը օրենսդրությունը համապատասխանեցնելու, քրեաօլիգարխիկ համակարգին հարմար օրինագծերը հաստատելու, քաղաքական պատեհ որոշումներ ընդունելու, «ճիշտ» կադրեր նշանակելու և այլ՝ իրենց լիազորություններից բխող ու չբխող հարցերում: Բայց դա չի նշանակում, որ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ն չի փորձի քննադատել ՀՀԿ-ին՝ արտոնվածի շրջանակներում, պահելու համար իր կուսակցական դեմքը: Ավելի հաճախ ու ավելի սուր երկուսին էլ կքննադատի ԲՀԿ-ն՝ արդարացնելու իր ընդդիմադիր լինելու հայտարարությունը: Բայց հարկ եղած պահին և կհամագործակցի, և կքվեարկի (ինչպես ԱԺ նախագահի ընտրության ժամանակ), և կգործի ՀՀԿ-ի շահերին համապատասխան: Վեցերորդ գումարման ԱԺ-ում դա է ԲՀԿ-ի առաքելությունը, Գագիկ Ծառուկյանը գործելու է իբրև ՀՀԿ-ի պահեստային թիմ: Այս գումարման խորհրդարանի նիստերը նույնպես Գագիկ Ծառուկյանը կբոյկոտի, մեկ-մեկ միայն հայտնվելով դահլիճում, իր ղեկավարած խմբակցության բոլոր պատգամավորները կգտնվեն նրա աչալուրջ վերահսկողության տակ: «Ճամբարափոխ մարդը ոչ մեկին էլ պետք չի»` մայիսի 17-ին կուսակիցներին ասաց ԲՀԿ նախագահը: Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ առաջին նիստում մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի, նույնն ասացին Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Արտյոմ Ծառուկյանը, Նապոլեոն Ազիզյանը։ Պարզվեց, որ մանդատասկանդալը Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջին օրը կանխել, բայց դադար է վերցրել՝ հասկանալու, թե ով է «բզբզում» ու ինչու: Գուցե հասկացավ, բայց ի՞նչ արեց: Ճիշտ ինչպես Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը ևս մինչև վերջին օրը ձգեց որոշման հրապարակումը: Ներդաշնակությունը մնում է ներդաշնակություն՝ ԲՀԿ-ն չփորձեց առաջ անցնել ՀՀԿ-ից:


Նոր սահմանադրությամբ խորհրդարանին տրված բոլոր լիազորություններից ըստ ամենայնի կօգտվի «Ելքը»՝ և նախարարներին անվստահություն հայտնելու, և քվեարկությունների, և քննիչ հանձնաժողովներ ստեղծելու, և, իհարկե, քննադատության մասով: «Ելքը», որ Երևանի ավագանու ընտրություններով ամրապնդեց քաղաքական էլիտայում դիրքերը, այլ ելք չունի՝ պարտավոր է լինել ընդդիմություն մինչև վերջ: Իսկ դա նշանակելու է և աղմկահարույց ելույթներ, և անսպասելի առաջարկներ ու օրինագծեր, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի, բայց կունենան հասարակական արձագանք: «Ելքի» խնդիրներից մեկն էլ լինելու է պահել փողոցը, որի հետ կապը նույնքան կարևոր է, որքան ԱԺ հարթակը: Գուցե արտառոց է, բայց «Ելքը» միաժամանակ հարվածի տակ է լինելու և իշխանության, և արտախորհրդարանական ընդդիմության կողմից, որ չի ներելու նրանց հաղթանակը իրենց պարտության համապատկերում: «Ելքի» համար առաջիկա հինգ տարիները լինելու են կայացման ու աստիճանական հզորացման փորձաքննություն: Փաստացի՝ «Ելքի» առաջ ամենաբարդ խնդիրն է՝ համակարգին հաղթել՝ պարտադրված լինելով համակարգի մաս դառնալ, ու այդ խնդրի լուծումները գտնելու անհրաժեշտությունը կարող է ստեղծվել մինչև խորհրդարանի գործունեության ժամկետի ավարտը:


Քաղաքական բոլոր չորս ուժերն էլ ունեն տարբեր խնդիրներ խորհրդարանում ու խորհրդարանից դուրս, նրանց միավորում է միայն մեկ ընդհանրություն՝ չորսն էլ պարտավոր են քաղաքական Օլիմպոսում արագություն և ուժ հավաքել՝ 2022-ից առաջ:
Այս խորհրդարանի գործունեության գլխավոր փորձաքարը դառնալու է 2018-ի ապրիլը՝ վարչապետի, նոր կառավարության ու նախագահի ընտրությունը: 2017-2018-ը և 2018-2022-ը տարբեր իրավիճակներ, քաղաքական տարբեր խնդիրներ ու նպատակներ ունեցող Հայաստաններ են բնորոշելու: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը երեկ ընդունվեց և նույն օրը Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նոր կառավարության ձևավորումը հիմա տեխնիկական խնդիր է, բայց մեկ տարի անց այդ խնդիրը լինելու է թիվ մեկ քաղաքականը: Չի բացառվում՝ ԱԺ-ում վերադասավորումներ լինեն հենց այդ խնդրի լուծման համար, եթե Կարեն Կարապետյանը որոշի պայքարել պաշտոնը պահելու համար՝ ոչնչի առաջ կանգ չառնելով: Իսկ դա նշանակելու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներսում պլացդարմ գտնել, որից ՀՀԿ և ԲՀԿ նախագահները չեն կարող խուսափել՝ նրանց կուսակիցները միշտ գնում են նոր ուժեղի կողմը: Եվ դա լինելու է անկայուն ժամանակ, երբ վերջին անգամ ասպարեզ են նետվելու նախկիններն ու ներկաները միասին՝ փորձելով ինքնահաստատվել 2018-2022-ի քաղաքական արևի տակ: Բացի անկայունը՝ լինելու է վտանգավոր ժամանակ, որովհետև Հայաստանում ամեն ինչի հիմքում փողն է, իսկ մեծ փողերը մեծ վտանգներ ունեն երկրի ինքնիշխանության համար: Մայիսից ապրիլ անցումային շրջանը, բացի ներքին մարտահրավերներից, պարբերաբար արտաքին ֆորս մաժորներով կարող են ուղեկցվել՝ Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով: Ադրբեջանում սկսված անկայունությունը չափազանց վտանգավոր է՝ Իլհամ Ալիևը իր իշխանության ամրապնդման համար օգտագործում է արտաքին թշնամու գործոնը՝ այդպես Պանամայի օֆշորային սկանդալը «կորցրեց» քառօրյա պատերազմով, ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ արդեն հասցնում է բանկերի սնանկացման ու փողոցային բողոքների, նա կփորձի նորից Ղարաբաղի հաշվին «փակել»: Ազգ-բանակո՞վ, թե՞ այլ միջոցներով ենք դիմակայելու:

Տարածքներ՝ կարգավիճակի՞ դիմաց, թե՞ տարածքներ խաղաղության դիմաց՝ ի՞նչ հարց է քննարկվում հիմա, խնդրո առարկա տարածքները, ի վերջո, ազատագրվա՞ծ տարածքներ են, թե՞ անվտանգության գոտի՝ ո՞ր կարգավիճակով են բանակցվում: Ստատուս քվո՞, թե՞ սուբստանտիվ բանակցություններ: Տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ազգի ինքնորոշման իրավունք՝ միջազգային ասպարեզում համահավասար սկզբունքներից ո՞րն է առավել գնահատվելու: Ե՞րբ է վերադառնալու Ստեփանակերտը բանակցային սեղան, և ի՞նչ անելու: Ո՞վ է մեկ տարի անց այս հարցերը բանակցելու: Եվ՝ ո՞ւմ հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Վեցերորդ գումարման Ազգային ժողովը խորհրդանշում է անցումային շրջանը Հայաստանում: Դժվար է ասել, թե ԱԺ-ն քանի՞ կառավարության ծրագիր պիտի հաստատի ու քանի՞ վարչապետ փոխի մինչև իր լիազորությունների ավարտը: Հինգերորդ գումարման խորհրդարանի համար կառավարության ծրագիր հաստատելն արդեն սովորույթ էր դառնում, երբ ամեն նոր վարչապետ գալիս ու ասում էր, որ չունի կախարդական փայտիկ: Հայաստանի խորհրդարանները նաև մեկ այլ «սովորություն» ունեն՝ ԳԽ-ի և ԱԺ ոչ մի նախագահ գումարման սկզբից մինչև վերջ չի պաշտոնավարել: Այս խորհրդարանը նաև առաջին անգամ նախագահ պիտի ընտրի: Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ խորհրդարանն իր ծրագրերին չխանգարի, թեպետ ոչ ոք, գուցե նաև ինքը, դեռ իր ծրագրերը չգիտի: Նախագահ, վարչապետ, Անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀԿ նախագահ՝ հայտնի ու անհայտ տարբերակները մեկ րոպեում կարող են հերքվել կամ հաստատվել: ԱԺ պաշտոնների բաշխումը, թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի շրջանակներում, ցույց տվեց, որ նա գերակայությունը տալիս է Հանրապետության հրապարակին, օրենսդրությամբ սահմանված ժամկետում կառավարության անդամների նշանակումը կամրապնդի նրա գերակայությունը՝ քայլ առ քայլ վարչապետին ցույց տալու, որ Հայաստանը առաջ է շարժվում իր ավատատիրական ժողովրդավարության սահմաններում, իսկ այդ սահմանները դեֆակտո նոր ոգու, գմփոցի, չեմպիոնի ու սիմվոլի կարիք չունեն:


Արա Բաբլոյանի նշանակումը ԱԺ նախագահ վկայում է, որ մեկ տարի խորհրդարանին վերապահվում է ապաքաղաքական դեր՝ հայտարարվեց, որ Սահմանադրության երաշխավորը եղել ու մնում է նախագահը: Մեկ տարի ունենալու ենք ժամանակավոր կառավարություն՝ Կարեն Կարապետյանի վարչապետությամբ: Եվ՝ փողոց, որտեղ բողոքական զանգվածը առժամանակ վարձավճարվել է, բայց դա իրավիճակ չի փոխում, քանի դեռ անփոփոխ են կենսամակարդակն ու արտագաղթը:

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ